Nooor Regulation

Կրիպտոարժույթների կարգավորման ընդհանուր հայեցակարգ

 

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և Elawphant փաստաբանական ընկերությունն սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը: Այս առիթով ստորև ներկայացնում եմ ոլորտում առկա առանցքային խնդիրները և կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև առաջարկվող իրավակարգավորման հայեցակարգի հիմնական դրույթներն ու մոտեցումները:

 

Հայաստանում կրիպտոարժույթների և ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի (կրիպտոպահանջների) կարգավորման ընդհանուր հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը.

  1. Ապակենտրոնացված եղանակով և գաղտնագրմամբ շրջանառվող թվային տեղեկատվությունը հասարակական հարաբերություններում օգտագործվում է տարբեր նպատակներով։ Տնտեսական հարաբերություններում լայն կիրառություն են ստացել կրիպտոարժույթները (cryptocurrency) և ապակենտրոնացված պարտավորական նիշքերը (decentralized security tokens)։
  2. Նշված ապակենտրոնացված տեղեկատվությունը այս պահին ՀՀ օրենսդրությունում ունի տեղեկատվության իրավական կարգավիճակ, ինչը տնտեսական հարաբերությունների զարգացման և իրավական պաշտպանության տեսանկյունից անհարմար է և ոչ պրակտիկ (օրինակ՝ առուվաճառքի, փոխատվության և մի շարք այլ էական տնտեսական հարաբերությունների համար նախատեսված քաղիրավական պայմանագրային ինստիտուտները նախատեսված են գույքի և գույքային իրավունքների համար, մինչդեռ տեղեկատվությունը չի հանդիսանում գույք կամ գույքային իրավունք. տեղեկատվության փոխանցումը ծառայությունների մատուցման պայմանագիր է ենթադրում, մինչդեռ դա չի արտահայտում ապակենտրոնացված թվային տեղեկատվության գործառնական նշանակությունը տնտեսական հարաբերություններում. բացի դրանից ապակենտրոնացված պարտավորական նիշքերով թողարկված պարտավորական իրավունքները փաստացի դուրս են մնացել արժեթղթերի շուկայի դաշտից, արժեթղթերի քաղիրավական ինստիտուտը չի ծառայում ապակենտրոնացված պարտավորական նիշքերի կարգավորմանը, վերջիններս մանցել են որպես թեկարգավորված ներդրումային և ֆինանսական գործիքներ)։
  3. Օրենսդրության կողմից երևույթի հստակ չճանաչումը հանգեցնում իրավական անորոշության և ոլորտի զարգացման արգելակման, Հայաստանի՝ տնտեսության հիմնական ուղղություններից մեկը հռչակած ՏՏ ոլորտի հետադիմության և լճացման։
  4. Հայաստանի ֆինանսական համակարգը արհեստականորեն հետ է մնում համաշխարհային ֆինանսական շուկայական համակարգի ինովացիոն զարգացումներից, ինչը Հայաստանի ֆինանսական համակարգին սպառնում է ֆինանսական, տնտեսական և տեխնոլոգիական վտանգներով։
  5. Հայաստանը կորցնում է ոլորտում օտարերկրյա խոշոր ներդրողներին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի ծառայությունները դարձնելով ոչ մատչելի՝ ազգային ներդրողներին և գործարարներին ստիպում է հեռանալ երկրից, կորցնում է խոշոր հարկեր, աշխատատեղեր միջազգային գործարար հեղինակություն։
  6. Հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք չունեն կրիպտոարժույթները հայտարարգրելու պարտականություն, ինչը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր հանրային ոլորտում։

 

Առաջարկվող իրավակարգավորման հայեցակարգը.

Նշված խնդիրներին լուծում տալու համար առաջարկում եմ`

  1. հստակեցնել տնտեսական հարաբերություններում կիրառվող թվային նիշքերի իրավական կարգավիճակը ՀՀ օրենսդրությունում՝ դրանց տալով գույքի կարգավիճակ.
  2. հաշվի առնել ապակենտրոնացված տեխնոլոգիաների զարգացումները, իրավակարգավորման ընտրության մոդելում չֆիքսվել միայն բլոկչեյն տեխնոլոգիաների վրա, կարգավորել ապակենտրոնացված տեխնոլոգիաների կիրառությամբ հասարակական հարաբերությունները ընդհանուր ձևով՝ թույլ տալով հետագա ինովացիոն զարգացումները. (օրինակ՝ բացի բլոկչեյնից այս պահին զարգանում են DAG (ապակենտրոնացված ացիկլիկ գրաֆ) տեխնոլոգիայի վրա հիմնված ապակենտրոնացված գրանցամատյանները).
  3. ապակենտրոնացված թվային նիշքերի իրավակարգավորման մոդելում հաշվի առնել էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային փաստաթղթերի գործող կարգավորումները.
  4. ապակենտրոնացված թվային նիշքերը ճանաչել էլեկտրոնային փաստաթղթեր (գույքի կարգավիճակ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր, գույքային էլեկտրոնային փաստաթղթեր).
  5. օրենսդրությունում տարբերակել թվային նիշքերը, որոնք ունեն առևտրային արժեք, սակայն հիմքում ա) չունեն պարտավորական հարաբերություններ (օրինակ՝ կրիպտոարժույթներ), և որոնք բ) իրենց հիմքում ունեն պարտավորական հարաբերություններ (օրինակ՝ ապակոնտրոնացված պարտավորական թվային նիշքեր, այն է՝ ապակենտրոնացված էլեկտրոնային պայմանագրեր (զիջվող պահանջներ), էլեկտրոնային արժեթղթեր, էլեկտրոնային ածանցյալ ֆինանսական գործիքներ և այլ).
  6. կրիպտոարժույթներին գույքի կարգավիճակ տալը ինքստինքյան չհանգեցնել դրանց արժութային կարգավիճակի տրամադրմանը, միևնույն ժամանակ չխոչընդոտելով կրիպտոարժույթների մասնակցությանը տնտեսական հարաբերություններին գույքի կարգավիճակով. այլ կերպ ասած՝ ՀՀ-ն կարող է սահմանափակել կրիպտոարժույթներով գնանշումը, կանխիկ և անկանխիկ գործարքների կատարումը Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության օրենսդրության լույսի ներքո, սակայն օրինակ՝ դրանց առուվաճառքի արգելումը անիմաստ է. միևնույն ժամանակ կրիպտոարժույթներին առցանց հարթակում արժութային գործառույթների թույլատրումը ողջունվում է.
  7. պարտավորական թվային նիշքերը կարգավորել արժեթղթերի մոդելով՝ հաշվի առնելով, որ դրանք հավաստում են պարտավորական իրավունքներ. 
  8. պարտավորական թվային նիշքերի կարգավորման համար արժեթղթերի մոդելը որդեգրելիս հաշվի առնել տեխնոլոգիական առանձնահատկությունները՝ առանց ձեռք տալու արժեթղթերի գործող ինստիտուտները և դրանց իրավակարգավորումները.
  9. կրիպտոարժույթների և ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերով գործարքներ իրականացնող տնտեսվարողներին դարձնել ՓԼԱՖ հաշվետու.
  10. կարգավորել ապակենրոնացված թվային տեխնոլոգիաների կիրառությամբ կենտրոնացված ծառայություններ մատուցող տնտեսվարողների գործունեության որոշ ասպեկտները (կրիպտոէքսչեյնջ, կրիպտոբորսա, թվային դրամապանակի ծառայություններ մատուցողներ, ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի թողարկողներ (ICO) ապակենտրոնացված պարտավորական թվային նիշքերի շուկայի օպերատոր և այլն) սպառողների և ներդրողների շահերի պաշտպանության համար.
  11. որդեգրել ապակենտրոնացված թվային նիշքերի կարգավորման առավել ինսենտիվային (խրախուսական) և նվազապես պենիտենցիար (պատժողական) մոդել՝ դրանցով հասարակական հարաբերությունների մասնակիցների հաշվետվողականությունը ապահովելու համար՝ հաշվի առնելով վերահսկողության գործիքների բացակայությունը և մարտահրավերները վարչարարական հարաբերություններում:

 

Facebook
LinkedIn
Twitter

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *