fbpx
Davos

Դավոս. Բլոկչեյն

Շատերը տեղյակ են Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի մասին, որը տեղի ունեցավ սույն թվականի հունվարի 22-25-ը, սակայն ոչ բոլորը  կպատկերացնեն, որ գլոբալիզացիայի, տնտեսական զարգացման և մի շարք խնդրիներից զատ արդեն տարիներ շարունակ քննարկվում են կրիպտոարժույթների և բլոկչեյնի թեմաները։ Համառոտ ներկայացնենք համաժողովի ընթացքում վերջինիս վերաբերյալ փոխանակած մտքերը։

Առաջինը խոսվեց թվային աշխարհում ինքնության մասին, ըստ որի վավերացման տեխնոլոգիաների առաջընթացը, բիոմետրիկից մինչև բլոկչեյն, կարող է լինել մարդկանց և ապրանքների գլոբալ շարժման, ինչպես նաև հակակոռուպցիոն և աղքատության նվազեցմանը ուղղված միջոցառումների կանոնների փոփոխության նախադրյալ։ Այստեղ բլոկչեյնը կարևորվում է որպես տնտեսական զարգացմանը խոչընդոտող երևույթների նվազեցման և հաղթահարման միջոց։ Բլոկչեյնի շնորհիվ այսօր կառավարվում են մեր ամենօրյա կյանքում տեղի ունեցող տվյալները՝ խթանվում է ապացույցների վրա հիմնված քաղաքականության կատարելագործումը։

Մեկ այլ քննարկում վերաբերում էր ժամանակակից ստրկությանը վերջ տալուն, ինչի ընթացքում Hewlett Packard Enterprise-ի գործադիր տնօրեն և նախագահ Անտոնիո Ներին նշեց՝ ամենը սկսվում է թափանցիկությունից: Մենք օգտագործում ենք տվյալներ, օրինակ` քաղցկեղի բուժման միջոց գտնելու համար, փորձում ենք վերահսկել տրաֆիկինգը և այլն: Նրա կարծիքով բլոկչեյնը` դեմքի ճանաչման և արհեստական բանականության ալգորիթմների հետ համատեղ, կարող է օգնել ակտիվ գործողություններ ծրագրելուն՝ հանդիսանալով տվյալները կիսելու ապահով միջոց։ Նշանակում է` բլոկչեյնը կարող է մարտահրավեր նետել մերօրյա հանցագործությանն ու խաբեությանը՝ օգնելով մարդկանց ապրել առավել ապահով աշխարհում։

Այժմ անդրադառնանք կրիպտոարժույթներին։ Բիթքոինի գնահատումը 70%-ով պակասել է 2017 թվականի համեմատ, սակայն տեխնոլոգիական նորարարությունները այս ոլորտում շարունակում են արագ զարգանալ: Ինչպե՞ս պետք է կրիպտոն իրական տնտեսական արժեք ստանա: Ահա այսպիսի հարցադրում էր դրված քննարկվող թեմաներից մեկի ժամանակ, որի ընթացքում Հարվարդ համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Կենեթ Ռոգոֆը թերահավատորեն է մոտեցավ կրիպտոարժույթների` ավանդական արժույթի համեմատ առավելություն ձեռք բերելու վարկածին, չնայած դրանք անպետք չի համարում ։ Այդ քննարկման ընթացում նշվեց նաև կրիպտոարժույթների՝ ֆինանսական ոլոտրտում մեծ դեր գրավելու մասին։ Պրոֆեսոր Զու Նինգը վստահ է՝ կրիպտոն արժեքավոր է, և խրախուսում է ֆինանսական պորտֆելի դիվերսիֆիկացիան` թվային արժույթը ներառելու միջոցով: Իսկ բանախոսներից BitPesa-ի հիմնադիր Էլիզաբեթ Ռոսիելոն ասում է, որ չնայած կրիպտոարժույթների տարածվելուն,  «իրական» ֆիատ փողի կարիքը միշտ լինելու է աշխարհում։ Այսինքն` մարդկանց կանխատեսումները բազմաթիվ են կրիպտոյի վերաբերյալ և ոչ-ոք միանշանակ դեռ չգիտի նրանց ապագան։

Միևնույն ժամանակ համաժողովի մասնակիցները ողջունեցին Կոլումբիան, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները` որպես Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոններ (Affiliated Centres for the Fourth Industrial Revolution): Վերջիններս անկախ կառույցներ են, որոնք աջակցում են զարգացող տեխնոլոգիաների ձևավորմանը, ինչպիսիք են արհեստական բանականությունը և բլոկչեյնը, այդ թվում` փորձարկելով օրենսդրական կարգավորման տարբեր մոտեցումներ։

Ամբողջացնելով բլոկչեյնի թեմայի շուրջ քննարկվածը՝ հարկ է նշել՝ տարեց տարի Դավոսի համաժողովում ավելանում և նոր ընթացք են ստանում այս տեսակի քննարկումները, որը մեկ անգամ ևս կանխագուշակում է խոստումնալից ապագան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *