fbpx
Nadya the Challenger

The Blockchain Challenger – իսկական մարտահրավեր երիտասարդների համար

The Challengers

Արդեն երկու շաբաթ է՝ բլոկչեյնի ու ձեռնարկատիրության վերաբերյալ քննարկումներն ու պրակտիկ աշխատանքները գրավել են մի խումբ 14-ից 25 տարեկան երիտասարդների ուշադրությունն ու առօրյան: Նրանք հանդիպում են շաբաթական երկու անգամ, անդրադառնում ոլորտին ամենատարբեր ուղղություններով, ստանում նոր ու հետաքրքիր առաջադրանքներ, ինչպես նաև ձևավորում սեփական բիզնես գաղափարները: Յուրաքանչյուր հանդիպումը նոր մարտահրավեր է նրանց համար, և իզուր չէ, որ դասընթացը, որի շրջանակում ընթանում են հանդիպումները, կոչվում է  The Blockchain Challenger: Այն նախաձեռնել և իրականացնում է Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան:

Ծրագրի մեկնարկը տրվել է օգոստոսի 22-ին և նախատեսում է ավելի քան 20 մոդուլ, որոնք ամփոփում են տարբեր հետաքրքիր թեմաներ՝ բլոկչեյն, ICO-ներ, ստարթափներ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման, մոդելավորման, պրակտիկ և ճկուն գործիքների կիրառման հմտություններ և շատ ու շատ այլ կարևոր նյութեր:

The Challengers

Ծրագրի մասնակիցներն արդեն հասցրել են նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերել. միմյանց մարտահրավերներ են նետում, ստացած գիտելիքները պրակտիկ գործողություններ են դառնում: Դերային խաղերը, սեփական բիզնես նախագծերի ու ստարթափների մշակելը, քննարկելն ու ներկայացնելը դարձել է սիրելի զբաղմունք: Այս ամենը նրանց օգնում է բացահայտել և զարգացնել ուժեղ կողմերը , ինչպես նաև հասկանալու, թե բիզնես պրոցեսի որ օղակին են իրենք ավելի համապատասխան ու ինչ հմտություններ են անհրաժեշտ ցանկալի գործով զբաղվելու համար:  

The Blockchain Challenger-ը նույնիսկ հասցրել է ընդլայնել շատերի ընկալումն ու վերաբերմունքը մասնագիտության ընտրության,  ապագա անելիքների և ծրագրերի վերաբերյալ:

Օրինակ՝ մասնակիցներից Նադյա Հովսեփյանը այս տարի է ավարտել Ռուս-հայկական սլավոնական համալսարանը՝ ստանալով հումանիտար կրթություն: Նա երբեք չի սիրել ֆինանսների ոլորտը՝ չնայած տնտեսագետ ծնողների հորդորներին: Բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման ու տարբեր կիրառությունների մասին նոր գիտելիքների ու ուսումնասիրությունների արդյունքում նրան գրավել է այս ոլորտը: Հիմա Նադյան մեծ ոգևորությամբ է պատմում կրիպտոարժույթների մասին, որ իր մեջ հետաքրքրություն ծնեցին տնտեսագիտության հանդեպ: Նա նաև նոր գաղափարներ է քննարկում բլոկչեյնի տարբեր կիրառությունների վերաբերյալ՝ անկախ ոլորտից: Այսպիսով, հիմա համոզվել է, որ հումանիտար կրթությունը չի սահմանափակում իրեն ու որոշել է շարունակել ուսումնասիրությունները՝ ոլորտում կրթվելու ու զարգանալու նպատակով:

Nooor-ի ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Աշոտ Խուդգարյանը գոհ է ծրագրի ընթացքից և  տեսանելի արդյունքներից: «Աշխատելով բազմաթիվ ստարտափների հետ, սկսեցինք նկատել կրկնվող խնդիրներ և բացեր, որոնք հիմնականում կապված են ընդհանուր բիզնես գիտելիքների և ռազմավարության հետ։
Արդյունքում առաջացավ միտք՝ ստեղծել մեկ ամիս տևողությամբ ինտենսիվ ծրագիր, որի ընթացքում մասնակիցների մոտ կզարգանան խնդիրներ լուծելու, գրագետ ձևակերպումներ անելու և այդ ամենը ներկայացնելու հմտությություններ, , ձեռք բերել պրակտիկ, անհրաժեշտ և կիրառելի գիտելիքներ: Առաջին մի քանի դասերը ցույց տվեցին, որ մասնակիցների մոտ կա մեծ հետաքրքրություն և եռանդ, ինչպես նաև թարմ և հետաքրքիր մոտեցումներ այս կամ այն խնդրի վերաբերյալ: Ծրագրի ավարտին մեր մասնակիցները հնարավորություն կունենան և պատրաստ կլինեն ներգրավվելու հայաստանյան ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններում և նախագծերում և իրականացնել հետաքրքիր ծրագրեր: Դրա համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ ու պայմաններ»,- նշում է նա:

Նշենք, որ The Blockchain Challenger-ի մասնակիցները օգոստոսի 9-ից 12-ը կայացած ԵԵՊ Հայաստանի կոնֆերանսի ընթացքում ընտրված 16 լավագույն երիտասարդներն են, ովքեր մեծ հետաքրքրություն և ակտիվություն էին ցուցաբերել համաժողովի ընթացքում՝ բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ: Nooor-ը հանդիսանում էր միջոցառման հովանավոր և գործընկեր:

Comments are closed.