Բլոկչեյն. մայնինգ
Ինչպե՞ս է աշխատում բլոկչեյնը, ովքեր են ներգրավված համակարգում, և ինչու արժե վստահել համակարգին:
Այս ոլորտին ծանոթանալու և ավելին իմանալու համար ներկայացնում ենք ուսուցողական հրապարակումների շարք, որ կօգնեն ձեռք բերել բլոկչեյնի մասին հիմնային գիտելիքներ ՝ ծանոթանալով նաև դրա առանձնահատկություններին:
Ներկայացնում ենք այս շարքից երկրորդը՝ մայնինգի սկզբունքների և դերի վերաբերյալ:
Շնորհակալություն ենք հայտնում Բուն TV-ին տեսանյութի համար:
Առանց միջնորդների համակարգ
Քանի որ բլոկչեյնում երկու կողմերի համագործակցության ժամանակ երրորդ կողմին փոխարինում է համակարգչային կոդը, և քանի որ բլոկչեյնի հիմքում կրիպտոգրաֆիկ ապացույցի գաղափարն է, երբ փոխանցումի իսկությունը հաստատում է ոչ թե որևէ ֆինանսական կառույց, այլ մաթեմատիկական ապացույցը, իսկ այդ մաթեմատիկական խնդիրը շատ բարդ է լուծել, բլոկչեյնում գործ ունենք ահռելի համակարգչային հաշվողական հզորության հետ:
Բարդ խնդիրը
Ամբողջ համակարգը կառուցված է կոնսենսուսի` համաձայնության, սկզբունքի վրա: Որպեսզի բլոկչեյնում փոխանցում կատարվի, կամ փոխանցումների բլոկը ավելացվի ընդհանուր բլոկչեյնին, անհրաժեշտ է, որ համակարգը համաձայնության գա, որ այդ բլոկը բավարարում է որոշակի պահանջների: Այսօրվա համակարգիչները վայրկյանում միլիոնավոր, իսկ մասնագիտացված հաշվողական սարքերը նույնիսկ տասնյակ տրիլիոն անգամ, կարողանում են տվյալների բազմության նկատմամբ կիրառել հեշ ֆունկցիան և պատասխան ստանալ: Բայց բլոկչեյնում ամեն պատասխան չէ, որ բավարար է: Անհրաժեշտ է, որ արդյունքում ստացվող հեշը փոքր կամ հավասար լինի համակարգի թելադրած թիրախային հեշից` 64 նիշանոց հեքսադեցիմալ կոդից: Եվ այստեղ է, որ պետք է իսկապես մեծ հաշվողական հզորություն ունենալ:
Ապահովությունը
Բիթքոինի կոնսենսուսը կոչվում է proof-of-work, կամ կատարված աշխատանքի ապացույց: Այն այդպես է կոչվում, քանի որ մաթեմատիկական բարդ խնդրի լուծումը կարելի է գտնել միայն շատ փորձերի արդյունքում` տեղադրելով որոշակի փոփոխականի արժեք, կիրառելով հեշ ֆունկցիան, անհաջողության դեպքում նորից կիրառելով, և այսպես շարունակ: Բլոկի իսկության կրիպտոգրաֆիկ ապացույցը գտնելու համար աշխատում են հազարավոր մայներների համակարգիչներ: Նրանք մրցում են միմյանց հետ` առաջինը լուծումը գտնելու համար: Հետևաբար` որքան այդ հաշվողական հզորությունը մեծ, այնքան համակարգն ավելի ապահով է (անբարեխիղճ մասնակիցը պետք է մրցի ավել մարդկանց դեմ):
Մոտիվացիան
Բիթքոինի բլոկչեյնում առաջ բերվեց մասնակիցներին խրախուսելու գաղափարը: Ի սկզբանե խնդիրը ճիշտ լուծած նոդը ստանում էր 50 բիթքոին պարգևատրում: 4 տարին մեկ այս թիվը կիսվում է, և այժմ կազմում է 12.5 բիթքոին: Այս պարգևատրումը նաև էմիսիայի պրոցեսն է` նոր բիթքոինները շրջանառության մեջ մտնելը: Այս գործընթացը մարդիկ նմանեցրել են ոսկու արդյունահանմանը և այստեղից էլ ծնվել է «մայնինգ» անվանումը:
Անվտանգության գինը
Մայնինգը, ի սկզբանե նպատակ ունենալով ցանցի աշխատունակությունն ու անվտանգությունը ապահովելու, կրիպտոարժույթների գնի վերելքի հետ միասին, մարդկանց որոշ մասի կողմից սկսեց դիտվել` որպես շահավետ բիզնես: Քանի որ համակարգիչների հզորանալուն զուգահեռ համակարգը համապատասխանեցնում է խնդրի բարդությունը, և հետագայում ստեղծվեցին մայնինգի համար նախատեսված մասնագիտացված սարքեր, մայներները միայնակ չկարողացան շարունակել պայքարը, և սկսեցին միավորվել «փուլերի» (խմբեր) մեջ:
Ամբողջ աշխարհում մայնինգն ընդունեց արդյունաբերական մասշտաբներ, ինչը մի կողմից շատ անվտանգ է դարձնում համակարգը, մյուս կողմից առաջ է բերում նոր խնդիրներ, քանի որ այս քանակությամբ համակարգչային ռեսուրսները չափազանց մեծ էլեկտրաէներգիայի ծավալ են պահանջում:
Միայն երկու հիմնական կրիպտոարժույթների մայնինգն այսօր ծախսում է տարեկան 92 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այս թիվն ավելին է, քան աշխարհի 162 երկրի տարեկան ծախսը:
Այսպիսով, մայնինգն առաջ բերեց մի ամբողջ տնտեսություն և մայնինգն, ըստ երևույթի,դարձավ բլոկչեյնում գումար վաստակելու առաջին և ամենահասարակ միջոցը:
Շարունակելի…
—
Բլոկչեյն տեխնոլոգիայի սկզբունքների ու առանձնահատկությունների մասին տեղեկություն ստանալու համար հետևեք մեր բլոգին և սոցիալական հարթակներում թարմացումներին: